Արտաշես I

1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:


Արտաշես առաջինը Հայոց պետականությունը (մ.թ.ա 2-րդ դարում) շարունակվեց Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններով: Արտաշես I-ը (մ.թ.ա 189- 160 թթ) վերականգնեց Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հզորությունը: Նա Երվանդյան տոհմից էր, և դրանով իսկ Արտաշեսյան հարստությունը ներկայացնում էր Հայկազնյան արքայատոհմի գլխավոր ճյուղը: Իր հաստատած սահմանաքարերի արամեերեն արձանագրություններում Արտաշեսն իրեն անվանել է «Արտաշես, Երվանդական թագավոր, Բարի, Զարեհի որդի» Արտաշեսը Հռոմից անկախ քաղաքականություն է վարել, նա ապաստան է տվել Հռոմի ոխերիմ թշնամուն՝ Կարթագենի զորավար Հաննիբալին: Հայոց թագավորության կենտրոնում՝ Արարատյան դաշտում (մ.թ.ա 189-188 թթ.) Արտաշես արքան հիմնադրեց Մեծ Հայքի թագավորության նոր մայրաքաղաքը՝ Արտաշատը: Արտաշեսը հմուտ և ուժեղ թագավոր է եղել և նրա օրոք Հայաստանը Հարավարևմտյան Ասյայի ամենահզոր տերությունն է դարձել: Նա առաջնորդվել է նույն սկզբունքով ,որով գործել են Արարատի թագավորության տիրակալները՝ մեկ պետության մեջ միավորել հայաբնակ և հայալեզու բոլոր շրջանները: Արտաշեսը ամենից առաջ  արշավել է դեպի արևելք և Մարաստանի հզորության ժամանակ Մեծ Հայքից անջատված արևելյան մի մեծ հատվածը որը կոչվում էր Փայտակարան կրկին միացրեց Մեծ Հայքին: Ապա նա անցել է դեպի հյուսիս, պատերազմ է սկսել ալանների դեմ: Ետ է նվաճել Մեծ Հայքի հյուսիսային մասերը ,որոնք խլվել էին Հայաստանից։ Դրանք Գուգարքի հյուսիսային և արևմտյան հատվածներն էին՝ ներառյալ Ջավախքը:Կարնո աշխարհի (Բարձր Հայքի) մի մասն անցել էր Փոքր Հայքին։ Այդ շրջաններն էլ՝ մինչև Եփրատ, Արտաշեսը կրկին միացրել է Մեծ Հայքի թագավորությանը: Հետո արշավելով դեպի Ահարավ՝ Մեծ Հայքի Կորճայք աշխարհից Սելևկյանների խլած Տմորիքը գրավել ու միացրել է իր տերությանը: Արտաշես I-ը արել է այն, ինչ ժամանակին արել էին Վանի հայոց թագավորները, հատկապես Մենուան և Արա առաջինը՝ միավորել հայկական անջատ երկրամասերը, վերականգնել Մեծ Հայքի ամբողջությունը:Արտաշես I-ը ունեցել է միջազգային լայն ճանաչում և հեղինակություն։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական և վրացական սկզբնաղբյուրներում:
Նրա մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, որոնց մի մասը գրի է առել Մովսես Խորենացին և ի պահպանություն թողել սերունդներին(«Արտաշես և Սաթենիկ»,«Արտաշես և Արտավազդ» և այլն): Այդ երգերում գովերգվել են նրա իմաստությունը, քաջությունը, բարությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել նրա անհուն սերը հայրենիքի նկատմամբ:


2. Համառոտ ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:


Արտաշես I-ը հողային, վարչական և ռազմական փոփոխություններ իրականացրեց։ Գյուղական համայնքների հողերը նա սահմանազատեց կալվածքներից՝ ագարակներից և դաստակերտից: Երկրի պաշտպանությունը և կենտրոնական կառավարումն ամրապնդելու նպատակով նա վերափոխեց պետության ռազմավարչական համակարգը: Արտաշեսը թագավորությունը բաժանեց զորավարների գլխավորած 120 շրջանների: Նա ստեղծեց չորս խոշոր սահմանակալություններ՝ բդեշխություններ՝ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի։ Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը սահմանեց նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը որտեղ կանգնեցվեցին նաև թագավորի նախնիների արձանները: Արտաշեսը կարգադրեց ճշտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը։Բացի Արտաշատ մայրաքաղաքից, Արտաշես I-ը կառուցեց նաև այլ քաղաքներ՝ Զարեհավան, Զարիշատ ևայլ, ի պատիվ նրա հոր Զարեհի։

Արտաշես I-ի ժամանակ հայաստանի կյանքը բարեկեցիկ էր, երկիրը ծաղկում էր: Այդ է պատճառը որ ժողովուրդը սիրեց իր թագավորին և նրա կյանքի դեպքերը գեղեցիկ զրույցներ դարձրեց: Հայոց գուսանները երգելով պատմել են նաև որ Արտաշեսին մարդիկ շատ էին սիրում ու նրա մահվան ժամանակ շատերն անձնասպան էին լինում: Իսկ թագաժառանգ որդին՝ Արտավազդը ասում էր. Երբ դու գնացիրՈւ ամբողջ երկիրը քեզ հետ տարար,Ես այս ավերակների վրա Ինչպե՞ս թագավորեմ:

3. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն.


Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝
Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:
Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:
Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:
Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:
Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը:
Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը:

Աղբյուրներ՝
Ռաֆաել Իշխանյան՝ Պատկերազարդ Պատմություն Հայոց

Է.Լ. Դանիելյան և Ա.Ա. Մելքոնյան՝ Հայոց Պատմություն

Design a site like this with WordPress.com
Get started