«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Առաջադրանքներ

  • ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:

    Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ այստեղ

Դե ինչ, մենք շարունակում ենք ուսումնասիրել Մխիթար Սեբաստացուն և իր հետաքրքիր գործունեությունը: Երբ սկսում եմ ուսումնասիրել, հետազոտել ինչ-որ մեկի, շատ կարևոր եմ համարում, որպեսզի նա հետաքրքիր լինի տարբեր առումներով, այսինքն՝ ոչ միայն իրեն ուսումնասիրեմ հենց որպես իր բուն ոլորտի մասնագետ, այլ նաև ինձ միշտ շատ գերում է այն փաստը, որ նա կարող է լինել բազմակողմանի զարգացած, բազմակողմանի լեցուն ու լի: Սեբաստացին լիովին մտնում է այդ մարդկանց ցանկ, որովհետև ինչքան ուսումնասիրում ես, ինչքան կարդում ես, այդքան մի նոր բան ես բացահայտում, իմանում, և դա իրոք հաճելիորեն զարմացնում է: Այս անգամ ուսումնասիրելուց, որոշեցի առանձնացնել հենց իր այս ձեռքբերումը: Պարզվում է, որ Մխիթարյանները ունեն իրենց հատուկ խմիչքը, որը կոչվում է՝ <<Մխիթարին>>: Դեռ 17-րդ դարից սկսած ի վեր, Մխիթարյանները սկսեցին արտադրել այդ խմիչքը: Այն հիմնականում հայտնի է եղել նրանով, որ եղել է բացարձակապես բնական, մաքուր իր բաղադրության մեջ, առանց հավելումների, քիմիական այլ նյութերի, շատ բուժիչ: Ավելին ասեմ, այնքան բուժիչ, որ անգամ վաճառվել է դեղատներում՝որպես դեղ: Այսօր էլ Ավստրիայում դեռ կան շատ բժիշկներ, ովքեր իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խմել «Մխիթարին»: Որպես դեղ, իր շեշտը հենց դրված էր փորի հետ խնդիրները լուծելու վրա։ Մի խոսքով, այսպիսի հետաքրքիր խմիչք-դեղի մասին մենք իմացանք ի շնորհիվ Մխիթար Սեբաստացու:

Իրականում, ինչքան բարդ է պատկերացնելը, որ այն կրթահամալիրը, որտեղ մենք սովորում ենք հիմա, անցել է շատ փոփոխությունների, դժվարությունների, ձախողումների, անկումների, վերելքների միջով: Ընդհանրապես, միշտ դժվար է այն մարդկանց համար, ովքեր տարբերվում են, ովքեր ունեն լրիվ այլ գաղափարներ, ծրագրեր, ովքեր տարբերվում են իրենց մտածելակերպով, իրենց սկզբունքներով, իրենց մտածողությամբ և նպատակներով: Այդպիսի մարդիկ այնքան բարդ կյանք են ունենում կարծում եմ, որովհետև մնացածը՝ սովորական, անգույն մասսան, չի ընդունում, չի ընկալում այն ամենն, ինչ ուրիշ է: Ու միգուցե, այդ <<ուրիշ>> ասվածը շատ ավելի լավն է, բայց միայն այն փաստը, որ այդ ուրիշը այն չէ, ինչին իրենք սովոր են, արդեն վախեցնում է, իսկ ինչը վախեցնում է, միշտ վանում է: Միայն հասուն մարդիկ են առանց վախենալու գնում, մոտենում, ուզում մտնել, խորանալ այդ վախեցնող աշխարհի մեջ, իսկ դատարկ մարդիկ միշտ էլ նախընտրում են շրջանցել: Կարծում եմ, մեր կրթահամալիրն էլ հենց այդպիսի մի ուրիշ վայր է, որի համար շատ բարդ է եղել, քանի որ մեր տարբերվող կրթական համակարգը ոչ բոլորի կողմից է ընդունվում ու ընկալվում: Այս հարցազրույցում Տիարը մեզ է ներկայացնում մեր կրթահամալիրի անցած բարդ ուղին, ներկայացնում է, թե ինչպես է կարողացել համախմբել շատ գաղափարներ, ծրագրեր, որոնք այն ժամանակ ուղղակի օդից կառչած մտքեր էին, իսկ հիմա այդ մտքերը դարձել են մեր ողջ իրականությունը: Բավականին հետաքրքիր էր ամեն բան ներկայացված, սիրով կարդացի:

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը

Տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:

  • Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Ընդհանրապես, Հայաստան տեղափոխվել եմ վերջերս, մինչ այդ 15 տարի ապրել, սովորել, իմ առօրյան և կյանքը կերտել եմ Թուրքիայում: Վերջին մեկ տարին սովորում էի կրթահամալիրում՝ հեռավար ուսուցման շնորհիվ, ու անհամբեր սպասում իմ և կրթահամալիրի այդ խոստումնալից հանդիպմանը: Հեռավար ուսուցումը շատ հնարավորություններ է տալիս, այդ հնարավորություններն էլ իրենց հերթին շատ դռներ են բացում մեր առաջ: Իրականում, բավականին հարմար է այն առումով, որ դու չես կտրվում քո մայրենի լեզվից, քո հայրենիքից, ու ամեն կերպ մեկ է մնում է այդ կապը, սակայն մեկ է, հեռավորությունը շատ բան է ասում: Եթե մի կողմ դնենք մի պահ հոգևոր կապը, մտքի այդ հզոր նշանակությունը, ապա իրոք, հեռավորությունը շատ բան է ասում: Հեռավորությունը ժամանակի հետ կարողանում է փոխել շատ բաներ, կարողանում է հեռվացնել մարդկանց, ջնջել, կամ ստիպել վերգտնել սովորություններ, ավանդույթներ, մտածելակերպ: Թուրքիայում ունենալով լրիվ այլ կյանք, ես միանգամից փոխեցի ապրելակերպս: Այդպիսի դադարները, թռիչքները, փոփոխությունները ստիպում են քեզ, որպեսզի դառնաս մի քիչ ավելի հասուն, ավելի հասկացող, ավելի ինքնուրույն, ավելի գիտակցող, երբ կյանքդ միանգամից փոխվում է, հենց միայն այդ ժամանակ ես դու իրոք հասկանում, որ հենց դու ես ունակ փոխելու քո կյանքն ու ապրելակերպը, դու հասկանում ես, որ ամեն բան մեկ ակնթարթում կարող է ենթարկվել փոփոխության, ու գիտես, քեզնից շատ ավելի շատ բան է կախված, քան դու կարող ես պատկերացնել: Մի խոսքով, երբ ես արդեն կրթահամալիրում եմ, այստեղ եմ, ու կարող եմ մտածել, թե ինչն է կրթահամալիրի իմ խորհրդանիշը, ապա մտքիս հենց այդ հեռավորությունն է գալիս: Իրոք, իմ և կրթահամալիրի միջև այդ հեռավորությունն էլ միգուցե հենց մեր խորհրդանիշն է, մեր փոքրիկ կոլորիտը:

Design a site like this with WordPress.com
Get started